Սոցիալական խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները:

Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր:
Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:
Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:
Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.
  • ընդհանուր նպատակներ,
  • ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
  •  ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,

յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

Ախպուր գրքերից հակիրճ տեղեկություներ։

Be First to Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *